ԼԱՎԱՇ
Լավաշն ավանդական հայկական հաց է՝ պատրաստված ցորենի ալյուրից: Նրա յուրահատկությունը պահպանման երկար ժամկետ ունենալու, պատրաստման պարզության, հիանալի համի և ցածր կալորիականության մեջ է: .
Հայկական «Լավաշի» լեգենդը
Ըստ ավանդույթի՝ հին Հայաստանում Արամ անունով մի արքա է եղել , որը կռվի ժամանակ գերի է ընկել ասորիների թագավոր Նաբուգոդոնոսորին : Ըստ նրա պայմանի , Արամ արքան պետք է 10 օր սոված մնար, իսկ 11-րդ օրը նետաձգությամբ մրցեր իր հետ: Եթե հաղթի, ազատ կարձակվի և յուրայինների մոտ կգնա արքայավայել ընծաներով:

Հաջորդ օրը Արամ արքան պահանջեց, որ ասորաց սահմանի մոտ կանգնած հայկական բանակից բերեն իր ամենագեղեցիկ վահանը: Հայերը գլխի ընկան, որ իրենց արքան ինչ-որ բան է ակնարկում, իսկ ասորիներն էլ չգիտեին, որ վահանի մեջ նրբաթերթ հաց է դրված:

Այն ժամանակ ոչ ոք չգիտեր լավաշի մասին, ասորի բանբերների մտքով չէր էլ անցնի, թե հայերը կարող են զրահի մեջ հաց թաքցնել: Արամը ստացավ իր զրահը, բայց ասաց, որ սա չի իր ամենագեղեցիկ վահանը, պահանջեց մեկ ուրիշը, և ասորի բանբերները 9 օր շարունակ գնում-գալիս էին` առանց իմանալու, որ իրենց բերած վահաններով ամեն օր մի նրբաթերթ հայկական հաց են հասցնում Արամ արքային:

11-րդ օրը Արամն ու Նաբուգոդոնոսորը մրցասպարեզ մտան: Նաբուգոդոնոսորին թվում էր, թե 10 օր սոված մնալով՝ Արամն ուժասպառ է եղել, սակայն հայոց արքան իրեն կայտառ էր զգում: Հայկական հացը նրան ուժ էր տվել, նա հաղթեց մրցության մեջ և տուն վերադարձավ պատվով: Վերադարձավ ու հրովարտակ արձակեց, որ այսուհետև Հայաստանում հաստ ու բազմաձև հացերի փոխարեն լավաշ թխեն: Այդ ժամանակներից ի վեր լավաշը դարձավ հայոց հացերի արքան:
Օգտակար հատկությունները

Լավաշը հեշտ մարսվող, օգտակար, դիետիկ հաց է, որը կարող է կարգավորել ածխաջրերի քանակը մարդու օրգանիզմում:



Դիսբակտերիոզի և ստամոքսի, աղիքային հիվանդությունների դեպքում ավելի լավ է սովորական հացը փոխարինել լավաշով:
2014թ.-ի նոյեմբերին Ոչ նյութական ժառանգության պահպանության միջկառավարական հանձնաժողովը հայկական լավաշ թխելու ավանդույթներն ընդգրկեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմած՝ մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում։
Թոնիր՝ ավանդական հայկական կավե վառարան՝ լավաշ թխելու համար:
Լավաշ թխելը մի ամբողջ ծես է, որն ուղեկցվում է ազգային երգերով ու մտերմիկ զրույցներով:

Որպես կանոն՝ լավաշը երկուսով են թխում. մինչ կանանցից մեկը գրտնակում է խմորը, մյուսը հմուտ շարժումներով մի ձեռքից մյուսն է նետում արդեն գրտնակածը, որպեսզի այն գրեթե թափանցիկ դառնա:

ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՇԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԵՋ
Լավաշը յուրաքանչյուր հայկական սեղանի անբաժանելի մասն է: Այդ նուրբ հացն ուտում են գրեթե բոլոր ճաշատեսակների հետ: Չոր լավաշը միշտ մատուցում են խաշի հետ:
Made on
Tilda